Հեռանալուց չնկատեցիր
որ քայլում էիր սրտիս վրայով,
բարձրակրունկ կոշիկներիդ ծակոցները
քեզանից հետո վերքեր դարձան…
Խոր աշնան քամու գիրկը նետված տերեվի պես
քայլեցիր հեռո՜ւ, հեռո՜ւ,
գույնզգույն զգեստդ քամին այս ու այն կողմ էր նետում,
կարծես հագել էիր ծիածանը
և տանում էիր այն քեզ հետ…
Որքա՜ն անձրևներ եկան առանց քեզ,
անտարբեր, սառը գարունը
պատուհանիս տակ ձմեռ դարձավ,
սաստիկ քամին կիսաբաց պատուհանից ներս խուժեց,
գլխիվայր շրջեց տան իրերը,
պոկեց վարագույրը…
Հետո ձյուն…
Խոշոր փաթիլները իջնում էին դանդաղ
աշխարհ բերելով սպիտակը, մաքուրը,
արևի թույլ շողերը կտուր բարձրացել
խաղում էին ձյան հետ,
ծխնելույզներից բարձրացող ծուխը
քամու հետ պարում, բարձրանում էր վե՜ր
ձուլվում երկնքին,
սպիտակեցին նաև դեզերը,
ամենինչ դարձավ ճերմակամարմին,
ճերմակահեր, ճերմակածին
աշխարհը սկսեց տնօրինել սպիտակը…
Անցածդ ճանապարհի պես
ոտնահետքերդ էլ ձյան տակ մնացին,
այդպես էլ պատուհանս չփակեցի,
հեռվում գամված անթարթ հայացքս
որոնում է դեռ…
Սիրում եմ որ չմեռնեմ…