Ուզում եմ բերանս կոծկել, չխոսել,
Լռել ու լուռ էլ գնալ աշխարհից,
Բայց լռությունից ո՞վ է օգտվել.
Հոգնել եմ նաեւ կեղծ լռությունից.
Փոթորիկ է սրտումս, գիտցե՛ք,
Մրրիկ ու հողմեր իրար միաձույլ
Ապստամբ մտքիս կծիկը քանդեք,
Բերանս փակել մի՛ փորձեք իզուր.
Լռե՞լ, բայց ինչքա՞ն, մինչեւ ե՞րբ, ասեք,
Իմ մեջ ինձանից ես դուրս եմ գալիս
Գոնե թող թղթին հանձնեմ զայրույթս,
Միգուցե այսպես խաբեմ մտքերիս:
Ինչքա՞ն, ինչքա՞ն լռեմ, համբերեմ
Լռելն էլ իրեն գինն ունի ավաղ
Ավերված սրտիս ինչպե՞ս համոզեմ,
Որ ժպտա շինծու, բայց հանգչի դանդաղ
Ա~խ, կուզեմ լինեմ կույր ու անհոգի
Թշվառին, խեղճին չտեսնելու տամ
Անհոգի, անսիրտ կողքովը անցնեմ
Թե մեկ էլ նորից, նորից աշխարհ գամ
Այդ ինչ եմ ասում ես՝ երեսպաշտս,
Կարո՞ղ է արդյոք ես ցնորվել եմ,
Էլ ինչիս է պետք նման ապրելս
Մեռնելը լավ չի՞, քան թե հարմարվեմ.
Քանի մտքերս չեն լքել դեռ ինձ,
Քանի շնչում եմ, կենդանի եմ՝ կամ,
Ձայնս չեն կարող խլել ինձանից,
Չեմ լռի իմ մահիճում անգամ:
Комментариев нет:
Отправить комментарий