Թե տխուր ես, սիրտդ կախ է, միտքդ հեռուներն է թռչում,
Կողքիդ աշխարհը քանդվում է, ու դու անգամ չես նկատում,
Թե կյանքն անիմաստ է թվում այն աստիճան, որ մի պահ էլ
Նույնիսկ կարող ես մտածել, թե ինչու ես աշխարհ եկել,
Ինչու պիտի միշտ տանջվես,
Միշտ չարչարվես,
Միշտ տառապես,
Կամ թե անգամ ուրախ ապրես,
Մեկ է՝ մի օր, ինչ էլ անես, ինչ էլ լինի,
Աշխարհներ էլ ծնկի բերես,
Ոսկե բուրգեր էլ կառուցես,
Մեկ է՝ մի օր գնալու ես...
Այդ պահերին, երբ տխուր ես, ուզում ես դու գուցե գոռալ,
Գուցե ճչալ,
Գուցե լացել,
Մտածածդ արտահայտել,
Բայց թե ում մոտ, դու չգիտես...
Երբ քաղաք ես իջնում մի պահ, տեսնում հազարու մի դեմքեր,
Լայն փողոցում այնքան ոտքեր,
Ու մարմիններ, ու գլուխներ,
Այնքան, այնքան, այնքան մարդիկ,
Որ քայլելն է նույնիսկ դժվար,
Մեկ է՝ էլի դու մենակ ես,
Սրտիդ՝ առյուծի ոռնոցն էլ այնքան ուժեղ, այնքան հորդ է,
Ու դու կրկին, նորից, էլի,
Անվերջ անգամ դու մենակ ես,
Գուցե նորից մտածում ես՝ իզուր ես դուրս եկել տանից,
Հետ ես գնում,
Մութ սենյակում նորից նստում,
Թուղթ ու գրիչդ վերցնում՝ ինչպես որ ես,
Ու գրում ես,
Ու գրելով դու գոռում ես,
Ու լացում ես,
Բայց լուռ, անձայն,
Մտածում ես, մռնչում ես անվերջ անձայն...
Միակ բանը նկատելի տետրի էջերն են սևացող՝
Մեկը մեկին հերթ չտալով,
Մեկը մեկին տեղ չտալով...
Ու գրում ես, ու գրելով դու գոռում ես,
Ու մտքերդ դուրս շպրտում գլխուղեղիդ խոր ծալքերից
Ձեռքի, գրչի, թղթի միջով,
Ու մեղմանում, հանգստանում...
Հետո, երբ արդեն հանգիստ ես,
Դեմքիդ ժպիտ է երևում,
Գրածդ էլ երբ կարդում ես, կարծես մի հրաշքէ թվում,
Հասկանում ես, որ Ընկերդ՝
Այն միակը, հնազանդը,
Նա, որ լեզու չի դարձնում,
Որ հասկանում է, ընդունում քո էությունն՝ինչպես որ կաս,
Ձեռքիդ թուղթն է...

Комментариев нет:
Отправить комментарий