Ա՜խ, նորից “Բարի ճամփա”,
Ա՜խ, նորից “Մնաս բարով”…
Մի տեսակ տագնապ կա, որ
Չես ասի ոչ մի բառով:
Գնում ես, չես էլ ասում,
Թե մեկ էլ երբ ես գալու,
Երկար էլ, ի՞նչ իմանամ
Ո՞ւմ մոտ ես մեղքդ լալու:
Ներիր ինձ, դու իմ բարի,
Իմ խելոք և իմ համառ,
Հարկադիր այս ծիծաղի
Եվ թաքուն լացի համար:
Գնում ես, էլ ի՞նչ ասեմ,
Սովոր եմ, կդիմանամ,
Թող կուրծքս մի քիչ ցավի,
Որ սրտիս տեղն իմանամ:
Մի տեսակ տագնապ կա, որ
Չես ասի ոչ մի բառով,
Ա՜խ, նորից “Բարի ճամփա”,
Ա՜խ, նորից “Մնաս բարով”:

Комментариев нет:
Отправить комментарий